ԿԻՆ: Անպտղություն
Չբերություն - Լուծվող խնդիր
Չբերության խնդիրն իր յուրահատուկ տեղն ունի բժշկության մեջ։ Լինելով և՛ բժշկական, և՛ սոցիալական, և՛ հոգեբանական խնդիր, ազդում է զույգի հոգեբանական վիճակի, ինչպես նաև` երկրի ժողովրդագրական ցուցանիշների վրա։
Չբերության բուժումը ժամանակակից թե՛ տեսական և թե՛ գործնական բժշկության կարևորագույն խնդիրներից մեկն է։
Գիտական և գործնական կենսաբանության ու բժշկության ձեռքբերումները թույլ են տալիս պարզել չբերության պատճառները, մշակել բուժման տարբեր մեթոդներ։ Թեև գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք օրեցօր կատարելագործվում են, այդուհանդերձ չբերության բուժումը ոչ միշտ է արդյունավետ։ Եվ հենց բուժման անբավարար արդյունքները պատճառ դարձան բուժման նոր` արտամարմնային բեղմնավորման ու սաղմի տեղափոխման մեթոդի (ԱՄԲ և ՍՏ) մշակման համար։
Վստահորեն կարելի է ասել, որ չբերության բուժման արտամարմնային բեղմնավորման մեթոդը XX դարի մեծագույն, ապշեցուցիչ ձեռքբերումներից է, և ոչ միայն բժշկական առումով, այլ նաև` կենսաբանական, բարոյական, սոցիալական տեսակետներից։
Չբերության բուժման ԱՄԲ մեթոդը դասվում է վերարտադրողական բարձր տեխնոլոգիաներ պահանջող մեթոդների թվին։ Մեթոդի իրականացման համար անհրաժեշտ են ոչ միայն ժամանակակից սարքավորումներ և դեղամիջոցներ, այլ նաև` բժիշկների և ողջ բուժանձնակազմի տեսական և գործնական բարձր գիտելիքներ, ինչն այսօր առկա է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ)։
ՄՄԱՊԳՀԿ հանրապետությունում առաջիններից մեկն է սկսել զբաղվել չբերության խնդրով (1974 թ.)։ Այստեղ մշակվել և ներդրվել են չբերության հետազոտման և բուժման ժամանակակից մեթոդներ։ Եվ զարմանալի չէ, որ հենց ա՛յս կենտրոնում է ներդրվել և արդյունավետ իրականացվել վերարտադրողական բարձր տեխնոլոգիաներ պահանջող չբերության բուժման ժամանակակից մեթոդը` ԱՄԲ։
Այս կենտրոնում ԱՄԲ մեթոդի հետ կապված նախապատրաստական աշխատանքները սկսվել են 1999 թ.։ Աշխատանքների իրականացմանը մեծ աջակցություն են ցուցաբերել Ֆրանսիայի Մարսել քաղաքի Institute de Medicine de le Reproduction”կենտրոնի բժիշկները` պրոֆ. Ժ. Պ. Ֆրանկեբալմի ղեկավարությամբ և Հայաստանին օգնության և համագործակցության «Ազատագրություն» միությունը (Ֆրանսիա)` հանձին նախագահ Ա. Հակոբյանի։ Շարունակաբար իրականացվել են բժիշկների և՛ գործնական, և՛ տեսական վերապատրաստումներ։
ՄՄԱՊԳՀԿ բժիշկների խումբը պրոֆ. Գ. Գ. Օկոևի ղեկավարությամբ ոչ միայն տիրապետեց և ներդրեց, այլև արդյունավետ իրագործեց ԱՄԲ մեթոդը. 2003 թ. Հայաստանում առաջին անգամ մեր կենտրոնում արձանագրվեցին ԱՄԲ մեթոդի արդյունքում հղիության առաջին դեպքերը, իսկ 2004 թ. փետրվարի 5-ին ծնվեցին առաջին երեխաները` եռյակ։ Նրանց ծնունդը հաստատեց այն փաստը, որ արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում այլևս երազանք չէ, այլ` կայացած փաստ։
Սակայն առավել գնահատելի է այն փաստը, որ սկսած 2004 թ. Կենտրոնում արձանագրվում են հղիություններ ԱՄԲ հետո, որոնց իրագործումն ամբողջովին կատարվում է ՄՄԱՊԳՀԿ բժիշկների կողմից` պրոֆ. Գ. Գ. Օկոևի ղեկավարությամբ։
Այսօր մեր երկրում ԱՄԲ մեթոդի արդյունքում ծնվել են մոտ 90 երեխաներ, որոնց ծնողները չունեին երեխա ունենալու և ոչ մի հույս։
ՄՄԱՊԳՀԿ ԱՄԲ մեթոդի իրականացումը համապատասխանում է և՛ կենսաբանության, և՛ սաղմնաբանության, և՛ գինեկոլոգիայի կողմից ԱՄԲ մեթոդին ներկայացվող պահանջներին. օգտագործվող ձվազատման խթանման մեթոդները խիստ ժամանակակից են և օժտված են բարձր արդյունավետությամբ։ Աշխատանքի ընթացքում կիրառվում են սաղմնաբանական գիտության ձեռքբերումները` ձվաբջջի պսակահատում, պսակազատում, սպերմատոզոիդների ներցիտոպլազմատիկ ներարկում։
2005 թ. Կենտրոնում ԱՄԲ մեթոդի կիրառմանը զուգընթաց իրականացվում է նաև սաղմերի կրիոկոնսերվացիա (սառեցում հեղուկ ազոտի մեջ)։ Սովորաբար ԱՄԲ ընթացքում ստացվում են մեկից ավելի սաղմեր, իսկ արգանդի խոռոչ են տեղադրվում ոչ ավելի քան երեքը` հղիության և ծննդաբերության ընթացքի հնարավոր բարդությունները նվազեցնելու համար։ Մի կողմից` սաղմերի կրիոկոնսերվացիան թույլ է տալիս հետագայում օգտագործել արգանդի խոռոչ չտեղադրված սաղմերը, մյուս կողմից, շնորհիվ այդ մեթոդի, հաջորդ անգամ ձվարանների գերխթանման անհրաժեշտություն չի առաջանում, ինչը նվազեցնում է ինչպես բժշկական հնարավոր բարդությունների հաճախությունը, այնպես էլ` ֆինանսական ծախսերը։
2005 թ. առաջին անգամ մեր երկրում ՄՄԱՊԳՀԿ ներդրվել և հաջողությամբ կիրառվում է նաև սաղմի ռեդուկցիա. եթե ԱՄԲ արդյունքում արգանդի խոռոչում երեքից ավելի պտուղ է զարգանում, ապա բժշկական ցուցումներից ելնելով և զույգի համաձայնությամբ հնարավոր է դառնում իրականացնել մեկ կամ երկու պտուղների ռեդուկցիա (հեռացում) հղիության և ծննդաբերության ընթացքի հնարավոր բարդությունների հաճախությունը նվազեցնելու համար։
2006թ. ՄՄԱՊԳՀԿ ներդրվել և իրականացվում է ԱՄԲ-ICSI եղանակը, որը հնարավորություն է տալիս բուժելու տղամարդկային գործոնով պայմանավորված չբերությունը (երբ առկա են խնդիրներ` կապված սերմի որակական և քանակական անբավարարության հետ)։ Այսօր Կենտրոնում ԱՄԲ-ISCI իրականացվում է ժամանակակից բոլոր տարբերակներով (սերմնահեղուկի, ամորձու և մակամորձու բիոպտատի և ասպիրատի սպերմատոզոիդների ստացում ու օգտագործում)։ Ի տարբերություն ԱՄԲ դասական մեթոդի, երբ բեղմնավորման համար անհրաժեշտ են բավականին թվով սպերմատոզոիդներ (20 մլն և ավելի), ԱՄԲ-ICSI դեպքում ձվաբջջի բեղմնավորման համար բավական է մեկ սպերմատոզոիդ, որն անմիջապես ներարկվում է ձվաբջջի մեջ։ Տվյալ մեթոդը բազմաթիվ զույգերի հնարավորություն է տվել սեփական կենսաբանական երեխան ունենալու։ Այսօր կենտրոնում ԱՄԲ-ISCI եղանակով 24 հղիություններ են արձանագրվել, որոնցից 14-ը ավարտվել են ծննդաբերությամբ, իսկ 10-ը դեռևս շարունակվում են։
Կենտրոնում այսօր ԱՄԲ մեթոդը կիրառվում է նաև «փոխնակ մայրության» ծրա-գրի շրջանակներում։ Վերջինս հնարավորություն է ընձեռում երեխա ունենալու այն կանանց, ովքեր տառապում են զարգացման բնածին արատով (արգանդի բնածին բացակայություն) կամ ունեն արգանդի վիրաբուժական հեռացում, և ովքեր ոչ մի այլ եղանակով չեն կարող մայրանալ։
Չբերությամբ տառապող կանայք բուժման նպատակով երկար տարիներ օգտագործում են բուժման պահպանողական (կլոմիֆեն-ցիտրատ, էսթրոգեն-գեստագենային դեղամիջոցներ, մարդկային մենոպաուզալ գոնադոտրոպին, գոնալ-Ֆ և այլն) և վիրաբուժական (ձվարանների սեպաձև ռեզեկցիա, եզակի և բազմակի բիոպսիա, կոագուլյացիա և այլն) մեթոդներ, որոնք, սակայն, արդյունավետ են միայն 20-45%-ի դեպքերում։ Մինչդեռ, ոչ արդյունավետ, երկարատև բուժումը կարող է պատճառ հանդիսանալ ֆոլիկուլյար ապարատի հյուծման և հետագայում նաև՝ ԱՄԲ անարդյունավետության։
Անկասկած, արտամարմնային բեղմնավորումը համադարման (պանացեա) չէ չբերության տարբեր ձեվերի համար, սակայն արդյունավետ է և խորհուրդ է տրվում «անհայտ» ծագման չբերության, երկկողմանի տուբէկտոմիայի, արգանդափողերի անատոմո-ֆունկցիոնալ փոփոխությունների, էնդոմետրիոզի, ինչպես նաև` չբերության պահպանողական և վիրաբուժական մեթոդներով երկու տարի անարդյունավետ բուժման դեպքերում։
ՄՄԱՊԳՀԿ իրականացված ԱՄԲ արդյունքում բազմաթիվ մարդիկ են երջանկացել, նրանց տանն այսօր լսվում է այդքան երկար սպասված մանկիկի ճիչը... Եվ միայն նրանք չէ, որ գնահատում են բժիշկների անձնուրաց աշխատանքը։
Արտամարմնային բեղմնավորման ներդրման և իրականացման համար ՀՀ-ում պրոֆ. Գ. Գ. Օկոևի ղեկավարությամբ, ՄՄԱՊԳՀԿ բժիշկների խումբը (Կարեն Ջինանյան, Կարինե Առուստամյան, Էմմա Տոտոյան) արժանացել է հանրապետության նախագահի 2007թ. մրցանակի:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն